Մեր օրերում՝ կյանքի ռիթմի և ապրելակերպի արդյունքում, ի հայտ են գալիս մի շարք առողջական խնդիրներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողները խրոնիկ հոգնածությունն ու դիմադրողականության անկումն է, իսկ հենաշարժողական ապարատի հետ կապված հիվանդությունները ազդում են գրեթե ամբողջ աշխատունակ բնակչության վրա։ Դժվար է գտնել գոնե մեկ մեծահասակի, ով կյանքում չի դժգոհել մեջքի ցավից։
Հենաշարժողական ապարատի հիվանդությունները իհարկե չեն բերում մահվան, բայց դրանք կարող են նպաստել կյանքի ռիթմի փոփոխությանը, բերել անաշխատունակության և ի վերջո հասցնել հաշմանդամության։
Հենաշարժողական ապարատի խնդիրների պատճառը հիմնականում մկանային անբավարարությունն է։ Այս խնդրի լուծումը կինեզոթերապիան է, որը հիմնված է մեր օրգանիզմի բնական պահանջ համարվող շարժման վրա։ Հին հունարենից թարգմանաբար կինեզոթերապիա նշանակում է բուժում շարժման միջոցով։
Կինեզոթերապիայի արդյունքում լավանում է ոչ միայն մկանների, այլև նյարդային, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական և էնդոկրին համակարգերի աշխատանքը։ Մկանային համակարգի վրա ազդեցություն ունենալու հաշվին, ակտիվանում է ամբողջ օրգանիզմի վերականգնողական մեխանիզմը։ Մարմնի ճիշտ շարժումները նպաստում են ոսկորների և մկանների ֆունկցիոնալ վիճակի թարմացմանը, լավացմանն ու պահպանմանը։





