Քանի՞ փուլ ունի կարիեսը

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ աշխարհի բնակչութան ավելի քան 90%-ը կանքի ընթացքում ունենում է բերանի խոռոչի հիվանդություններ: Զուր չէ ասված, որ ատամնաբույժները միշտ պահանջված են, քանի որ սիրտը մեկն է, երիկամները՝ երկուսը, իսկ ատամները՝ երեսուներկուսը:

Ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման նպատակով տարեկան առնվազն երկու անգամ հարկավոր է այցելել ատամնաբույժին, քանի որ խնդիրները ժամանակին չհայտնաբերելը կարող է հանգեցնել ստոմատոլոգիական լուրջ հիվանդությունների (պուլպիտ, գինգիվիտ, կարիես, պերիօդոնտիտ և այլն): Կարիեսը թերևս ամենից հաճախ հանդիպող ստոմատոլոգիական խնդիրն է, որին մեզնից յուրաքանչյուրը բազմիցս առնչվել է: Ավելորդ է ասել, որ ցանկացած առողջական խնդիր, այդ թվում և ատամների կարիեսը, ավելի հեշտ է բուժվում նախնական փուլերում, ուստի եկե՛ք տեսնենք, թե քանի փուլով է ընթանում կարիեսը, և որ փուլում ինչպիսի բուժում է հարկավոր:

Կարիեսի փուլերը, ախտանշաններն ու բուժման մեթոդները

Ըստ ատամի վնասվածքի աստիճանի՝ կարիեսի ընթացքը բաժանվում է հետևյալ փուլերի.

1. Նախնական փուլ՝ կարիես «բծի» շրջանում: Կարիեսի նախնական շրջանում ատամի արծնի վրա հայտնվում է բաց կամ մուգ երանգավորմամբ բիծ, որի պատճառն է հյուսվածքերում հանքանյութերի՝ կալցիումի, ֆտորի և ֆոսֆորի բացակայությունը: Ռեմիներալիզացիոն թերապիայի օգնությամբ հնարավոր է ամբողջությամբ վերականգնե արծնային շերտը:

2. Մակերեսային կարիեսն ուղեկցվում է ատամի արծնի վնասվածքով, անհարթությամբ, գերզգայունությամբ՝ համերի (թթու, քաղցր, աղի, կծու) և ջերմության կամ սառնության հանդեպ: Կարիեսի այս շրջանում անհրաժեշտ է ատամի պլոմբավորում՝ հաճախ առանց անզգայացման, քանի որ սովորաբար ցավն այս շրջանում բացակայում է:

3. Միջին կարիես: Այս շրջանում ատամի քայքայումը հասնում է ատամնոսկրի (դենտին) վերին շերտին, բացվում է խոռոչը, և կերակուրը լցվում է խոռոչի մեջ: Ջերմային ազդակների հանդեպ զգայունությունն ուժեղանում է, ցավեր են ի հայտ գալիս: Այս փուլում պլոմբավորումն իրականացվում է անզգայացմամբ:

4. Խորանիստ կարիեսն ավելի խորն է թափանցում և տարբերվում է ցավագին զգացողությունների ինտենսիվությամբ: Ցավն ավելի սուր է և արտահայտված, կարող է առաջանալ առանց արտաքին ազդակների ներգործության ու տևել մի քանի ժամ: Գործիքային զննումից և ռենտգեն ախտորոշումից հետո բժիշկն անզգայացման օգնությամբ հեռացնում է ախտահարված հյուսվածքները, կակղանը, այնուհետև պլոմբավորում ատամի խոռոչը:

Կարիեսը ժամանակին չբուժելու և աչքաթող անելու դեպքում բորբոքային պրոցեսը կարող է հասնել կակղանին (ատամի միջուկային փափուկ հյուսվածքին) և պորիօդոնտին (հարարմատային հյուսվածքին): Այս շրջանին բնորոշ են սուր ցավերը, ատամն զգալիորեն քայքայված է և շարժուն:
Բուժումը կախված է հիվանդության բարդությունից (կարիեսի խորությունից), այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր լինել ատամների վիճակին: Եթե գույնի թեթևակի փոփոխությունը դժվար է նկատել, ապա կարիեսի մակերեսային շրջանում այն ավելի հեշտությամբ է նկատվում, ուստի հնարավոր է ժամանակին դիմել ատամնաբույժին:

Կարիեսի տեսակների դասակարգումները

Ըստ սուր վիճակի կարիեսը լինում է քրոնիկական (գաղտնի) և սուր:
Ըստ ինտենսիվության տարբերում են եզակի (մեկ ատամի ախտահարմամբ), բազմակի (մի քանի ատամների ախտահարմամբ) և համակարգային (տոտալ ախտահարում):
Ըստ հիվանդության ընթացքի՝ արագընթաց, դանդաղ ընթացող և կայունացված կարիես:
Ըստ հաջորդականության՝
• առաջնային կարիես, երբ նախկինում բուժում չի իրականացվել.
• երկրորդային (ռեցիդիվային), երբ կարիեսն առաջանում է արդեն ատամի վրա:

Ինչպես տեսնում եք, կարիեսի տեսակներն ու դասակարգումները բազմազան են: Միայն բժիշկը կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ախտահարման աստիճանը, և այդ ամենից ելնելով իրականացնել պատշաճ բուժում: Իսկ մեզ մնում է միայն չզլանալ և ժամանակին դիմել ատամնաբույժին:

Dental Care

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել ատամնաբույժին

Ատամնաբույժին պետք է դիմել, եթե առկա են այս ախտանշանները՝

• ատամնացավ.
• բերանի տհաճ հոտ.
• լնդերի արյունահոսություն.
• այտուց կամ լնդի բորբոքում.
• ատամնափառ.
• ատամները թուլացած են կամ շարժվում են.
• ծկթում են իմաստության ատամները և այլն:

Նշված երևույթները նկատելուն պես մի՛ հապաղեք դիմել բժշկի, քանի որ ցանկացած խնդիր հեշտ է լուծվում սկզբնական շրջանում, իսկ ուշացրած դեպքերում հարկ է լինում դիմել վիրաբուժական ստոմատոլոգիայի օգնությանը:
Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է, հոգացե՛ք նրա մասին:

Կիսվել՝

Լրացուցիչ Հոդվածներ

Իմաստության ատամ

Ե՞րբ է ուշ համարվում իմաստության ատամները հեռացնելու համար: Որպես կանոն, իմաստության ատամները հեռացվում են 15-25 տարեկանում, երբ

Էլայներներ կամ Բրեկետներ

Արդյո՞ք էլայներները ավելի լավ է, քան բրեկետները: Էլայների և ավանդական բրեկետների միջև որոշում կայացնելը կարող է դժվար լինել:

ՕՆԼԱՅՆ

ԳՐԱՆՑՈՒՄ