Բրեկետներ

Բրեկետ համակարգերն իրենցից ներկայացնում են օրթոդոնտիական ապարատներ, որոնց միջոցով շտկվում է և ատամների դիրքը՝ մեկը մյուսի հետ կապված, և ընդհանուր կծվածքի թերությունները:

Յուրաքանչյուր ատամ գտնվում է այսպես ասած փոսիկի մեջ և պահվում է շնորհիվ հատուկ միացնող հյուսվածքների, թելիկների։ Ուստի, ատամի վրա շարունակական ճնշում գործադրելու դեպքում՝ այն աստիճանաբար փոխում է իր դիրքը։ Դրան զուգահեռ առաջանում են նոր միացնող հյուսվածքներ, որոնք ֆիքսում են ատամի նոր դիրքը փոսիկի մեջ։

Բրեկետները լինում են երկու խմբի՝

1․ Վեստիբուլյար, որոնք ամրացվում են ատանաշարի արտաքին շերտին և տեսանելի են

2․ Լինգվալ, որոնք ամրացվում են ատամնաշարին ներսի կողմից և կարելի է ասել անտեսանելի են

Կախված պատրաստման նյութից բրեկետները լինում են՝

  • մետաղական
  • պլաստմասե
  • կերամիկական
  • շափյուղե
  • ոսկյա

Ոչ ճիշտ կծվածքի շտկման համար օպտիմալ է համարվում 8-14 տարեկանը։ Այդ ժամանակահատվածում դիմային ոսկորների աճը դեռևս շարունակվում է, ինչը հեշտացնում է ատամների տեղաշարժման պրոցեսը։ Հասուն տարիքում այդ տեղաշարժն ավելի դանդաղ և դժվար է տեղի ունենում։

Բրեկետների միջոցով կծվածքի շտկումը տևում է մոտավորապես 2-3 տարի, սակայն եթե կծվածքի շեղումները թույլ են, հնարավոր է 1 տարին բավարար լինի։