Մեր օրերում՝ կյանքի ռիթմի և ապրելակերպի արդյունքում, ի հայտ են գալիս մի շարք առողջական խնդիրներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողները խրոնիկ հոգնածությունն ու դիմադրողականության անկումն է, իսկ հենաշարժողական ապարատի հետ կապված հիվանդությունները ազդում են գրեթե ամբողջ աշխատունակ բնակչության վրա։ Դժվար է գտնել գոնե մեկ մեծահասակի, ով կյանքում չի դժգոհել մեջքի ցավից։
Հենաշարժողական ապարատի հիվանդոիթյունները իհարկե չեն բերում մահվան, բայց դրանք կարող են նպաստել կյանքի ռիթմի փոփոխությանը,բերել անաշխատունակության և ի վերջո հասցնել հաշմանդամության։ Հենաշարժողական ապարատի խնդիրների պատճառը հիմնականում մկանային անբավարարությունն է։Այս խնդրի լուծումը կինեզոթերապիան է,որը հիմնված է մեր օրգանիզմի բնական պահանջ համարվող շարժման վրա։ Հին հունարենից թարգմանաբար կինեզոթերապիա նշանակում է բուժում շարժման միջոցով։ Կինեզոթերապիայի արդյունքում լավանում է ոչ միայն մկանների, այլև նյարդային, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական և էնդոկրին համակարգերի աշխատանքը։Մկանային համակարգի վրա ազդեցություն ունենալու հաշվին, ակտիվանում է ամբողջ օրգանիզմի վերականգնողական մեխանիզմը։ Մարմնի ճիշտ շարժումները նպաստում են ոսկորների և մկանների ֆունկցիոնալ վիճակի թարմացմանը, լավացմանն ու պահպանմանը։
